Երբ մենք ասում ենք՝ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ և քաղաքական խմբեր գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ և բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:
Հիշեցնելով նրա ձևակերպումը, որ իրեն բուհում դասեր չեն տվել քաղաքական վարքագծի համար, Փաշինյանը նշեց. «Դուք չասացիք՝ իմ հայացքների կամ իմ կուսակցական պատկանելության. դուք ձեր հարցին պատասխանեցիք, որովհետև, այո՛, այսօր և նախկինում էլ ես ասել եմ. իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի: Մենք տվել ենք այդ հնարավորությունը: Մենք էլի ուրիշ ոլորտների, ուրիշ մարդկանց, ուրիշ խմբերի տվել ենք այդ հնարավորությունը, բայց, կներեք, երբ որ այդ հնարավորությունը չարաշահվում է և օգտագործվում է ընդդեմ նպատակի, դա չի նշանակում, որ Կառավարությունն ուղղակի լուռումունջ պետք է շարունակի հետևել: Ի վերջո, բուհերը բոլորը Կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, և ամենամեծ լիազորությունը ՀՀ-ում հենց Կառավարությունն ունի այդ բուհերի այսօրվա և վաղվա համար: Մենք իհարկե շատ մեծ թափով նաև ձեռնարկել ենք հենց բուհական համակարգի բարեփոխումներ և մտադիր ենք վճռական ձևով այդ բարեփոխումները տանել առաջ»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով դասագրքերի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչ վերաբերում է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, այո՛, մենք երբեք չենք ասել, որ թեկուզ նույն դասագրքերում ամեն ինչ անթերի է, մենք ասում ենք՝ նոր համակարգ է ստեղծվել, որը պետք է մեզ և ՀՀ-ին հնարավորություն տա ավելի ու ավելի որակյալ դասագրքեր ունենալ մեր աշակերտների սեղանին»: