Մենք հաջորդիվ պլանավորում ենք նաև Մարտունու ծննդատան կառուցումը: Մեր հաջորդ կարևորագույն ուղղվածությունը Գեղարքունիքի մարզում և մյուս մարզերում լինելու է ամբուլատոր օղակի հզորացումը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գավառի պոլիկլինիկան է վերանորոգվելու և վերահագեցվելու. մի շարք ամբուլատորիաներ են վերակառուցվելու, և, իհարկե, սկսվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքների մրցույթների հայտարարման պրոցեսը, և հաջորդ տարվանից կմեկնարկի այս ընթացքը: Այս պարագայում արդեն կունենանք մարզային ողջ ենթակառուցվածքների ամբողջական թարմացում»,- ասաց Ավանեսյանը:
«Շուտով Վայոց ձորի բժշկական կենտրոնը կհանձնենք շահագործման: Դրա շահագործման հանձնելուն մեկտեղ նաև կունենանք ամբուլատոր օղակի խոշորացման ծրագիրը, որը կբերի վարչական ծախսերի նվազման, և մեր ընտանեկան բժիշկների և թերապևտների ավելի մասնագիտական, ժամանակը խնայող աշխատանքի: Կարծում եմ՝ սա ևս կարևոր փոփոխություն է, որը պետք է նպաստի մարզերում համաչափ զարգացմանը»,- ասաց առողջապահության նախարարը: