2024 թվականին շահագործման կհանձնվեն 8 բժշկական կենտրոններ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության ոլորտին 2024-ի պետբյուջեի հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դա մշակութային-քաղաքակրթական փոփոխություն է բերելու տվյալ տարածաշրջանում:
«Մեր պոլիկլինիկայի բժշկուհին կամ բժիշկը պետք է ամենալավ պայմաններն ունենա, երբ գալիս է աշխատատեղ, պիտի ունենա բավարար հագեցված սարքավորումներով իրեն անհրաժեշտ ամեն ինչ, պետք է ստանա բավարար աշխատավարձ»,- նկատեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նաև գոհունակություն հայտնեց 2023-ին մեկնարկած բոնուսային համակարգի մասին, ապա տեղեկացրեց, որ վերջին 9 ամիսների ընթացքում եղել են բժիշկներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստացել իրենց ջանքերի շնորհիվ:
Նախարարը նաև ընդգծեց, որ որդեգրված քաղաքականության արդյունքում քաղաքացիները մարզերում ևս՝ Մարտունիում, Ջերմուկում, Վարդենիսում և այլ համայնքներում, պետք է ստանան ամենաորակյալ բժշկական ծառայությունները:
«Իսկ այն ծառայությունները, որոնք հնարավոր է իրականացնել միայն Երևանում, ապա ժամանակակից, հագեցած շտապօգնության ծառայության և սանավիացիայի միջոցով դրանք կստանան Երևան քաղաքում:
Այո՛, մեր քաղաքացիներն արժանի են ունենալ լավագույն առողջապահական համակարգը, որին հասնելու համար մենք ջանքեր չենք խնայելու»,- ասաց Ավանեսյանը: