Նոյեմբերի 15-ին Բիշքեկում կայացել է «Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, որն անցկացվել է խմբի ազգային մասերի ղեկավարներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովի և Բակտիբեկ Սիդիկովի համատեղ համանախագահության ներքո։
Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական քաղաքական երկխոսության աշխուժացմանը, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար նախագծերի իրագործմանը նպաստող միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։ Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում հանդիպմանն ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդող հետագա համատեղ քայլերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները փոխադարձաբար տեղեկացվել են ազգային խորհրդարանների ընթացիկ գործունեության մասին, կիսվել են ժողովրդավարական կառույցների զարգացմանն ու հանրության լայն շերտերի հետ երկրներում տարվող աշխատանքի կատարելագործմանը միտված բարեփոխումների ընթացքի մասին։ Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության հարցերին՝ երկուստեք ընդգծվել է մասնագիտացված բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում հայ և ղրղզ խորհրդարանականների համագործակցության ընդլայնման հետաքրքրվածությունը։
Ալեքսեյ Սանդիկովը հանգամանալից ներկայացրել է զարգացումները Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրազեկել է ղրղզ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային դրույթների մասով։