ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը խորհրդարանում հարց ուղղեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին մեր երկրում կառուցվող ջրամբարների վերաբերյալ:
Հասանովի խոսքով՝ դեռևս խորհրդային տարիներին որոշվել էր կառուցել Եղվարդի ջրամբարը, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո այդ աշխատանքները դադարեցվել են:
«Որպես փորձառու մասնագետ՝ ի՞նչ եք կարծում՝ Եղվարդի ջրամբարի կառուցումը արժե՞ր շարունակել, թե՞ ոչ»,- հարց ուղղեց պատգամավորը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ դա հիմա էլ մեզ համար ակտուալ թեմա է, նորից ընթացքի մեջ են դրա տեխնիկատնտեսական և շատ կարևոր՝ հիդրոլոգիական տվյալների վերլուծությունները:
Պարո՛ն Հասանով, դուք ինձ հետ կհամաձայնեք, որ նույնիսկ վիզուալ աչքով երևում է, որ մեր հիդրոլոգիայում փոփոխություններ են տեղի ունեցել՝ մեր մակերևութային ջրերի հոսքերում փոփոխություններ կան, և Եղվարդի ջրամբարը, լինելով դոտացիոն ջրամբար, այսինքն՝ մենք դա պիտի լցնեինք այլ ջրաղբյուրներից, մեկ անգամ ևս հիմա դիտարկվում է, քանի որ խոշոր ջրամբար է, թերևս ՀՀ-ի ամենախոշոր ջրամբարը կարող է լինել Ախուրյանից հետո:
Ակտուալ խնդիր է, իհարկե, մեր տիրույթում է»,- ասաց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ արդեն մտել ենք Վեդու ջրամբարի ավարտական փուլ, Կապսը սկսել ենք կառուցել, իսկ 15-ից 10-ը փոքր ջրամբարներներն արդեն սկսել ենք կառուցել:
«6-ը արդեն մրցույթներ ենք հայտարարում շինարարության համար, մյուս տարի կսկսենք, մյուս 4-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են, և այդ 15-ի մեջ կան ջրամբարներ, որոնք դուրս կգան, դրանց փոխարեն, բնականաբար, քաղաքական հայտարարությունների շրջանակներում, կներառենք նորերը: Դուրս կգան, որովհետև հիդրոլոգիան և տնտեսական հիմնավորումները ժամանակի ընթացքում փոխվում են»,- ավելացրեց Վաչե Տերտերյանը: