Հունգարիան թույլ չի տա Եվրամիության կողմից Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների ընդունումը, քանի որ նման քայլը կվնասի Բուդապեշտի շահերը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, որը Բրյուսելում մասնակցել է ԵՄ երկրների գործընկերների հետ խորհրդակցությանը։
Նա նշել է, որ դեռ ծանոթ չէ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, սակայն Բուդապեշտը դեմ է միջուկային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության սահմանափակումներին: Նրա խոսքով՝ դա կնշանակի հրաժարվել հունգարական էներգետիկ անվտանգությունից:
Սիյարտոն հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ Բրյուսելի սահմանափակումների նոր փաթեթի հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: Նախնական տվյալով՝ դրանում ՌԴ միջուկային ոլորտի կազմակերպությունների և ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսված չեն: