ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմն ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության մեխանիզմ մշակելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի համար Ջո Բայդենի առաջարկած խոշոր բյուջետային հատկացումները չհաստատվեն, ԱՄՆ ազգային շահերին լուրջ վնաս կհասցվի: «Կիևին օգնության տրամադրումը բարդանում է»,- հավելել է Սալիվանը:
Նախագահի օգնականն անդրադարձել է Գազայի հատվածի շուրջ զարգացումներին: Նրա խոսքով՝ Իսրայելը կիսում է Բայդենի վարչակազմի տեսակետն այն մասին, որ Գազայի հիվանդանոցները չպետք է հարձակման ենթարկվեն, և պատրաստ է վառելիք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի դրանք շարունակեն աշխատանքը:
Սալիվանը նաև հույս է հայտնել, որ Գազայի հատվածում մարդասիրական դադարները կհաճախակիանան՝ մարդկանց ազատ տեղաշարժի և գերիների հարցը լուծելու համար, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ: