Երեկ Լոնդոնում կայացած ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Թագավորությունը ողջունել է Հայաստանի հետ նորացված հարաբերությունները: Այդ մասին հայտնում են Երևանում ՄԹ դեսպանությունից:
«Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները, ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը Լոնդոնում նոյեմբերի 13-ին կայացած միջոցառման ժամանակ։
Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:
Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․
«Իսկապես դրական քննարկում ենք ունեցել ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։
Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար:
Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։
Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:
Երեկ տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:
Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում: