Հայաստանն ու Վիետնամը ամրապնդում են համագործակցության շրջանակը՝ կառուցելով նաև լրատվական կամուրջներ․ «Արմենպրես»-ի և Վիետնամի լրատվական գործակալության միջև նոյեմբերի 14-ին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։
Ստորագրման հանդիսավոր արարողությունը կազմակերպվեց վիրտուալ եղանակով․ Հանոյում VNA-ի գրասենյակում արարողությանը միացավ նաև Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, որի գործուն ջանքերով էլ իրականացվել ու կյանքի է կոչվել համաձայնագրի մշակման ու ստորագրման աշխատանքը։
Փաստաթուղթը երկու գործակալություններին հնարավորություն կտա փոխանակել ամբողջ լրատվական արտադրանքը՝ տեքստային, լուսանկարչական, վիդեո։
Համաձայնագրի ստորագրման առթիվ «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշեց, որ բարձր է գնահատում միջազգային գործընկերությունն ու ամենայն պատասխանատվությամբ մոտենում ընթերցողների համար աշխարհն ավելի մոտ ու հասանելի դարձնելու առաքելությանը։ Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ «Արմենպրես»-ը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերների ցանկը։ Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների՝ մոտ 30 լրատվական գործակալությունների հետ ստորագրած գործակցության փաստաթղթերի շարքն այսօր համալրվեց շատ կարևոր ու նշանակալի ևս մեկ համաձայնագրով։ «Արմենպրես»-ի գործընկերների աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե բոլոր աշխարհամասերը՝ Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Աֆրիկա:
Համագործակցության այս համաձայնագիրն առաջինն է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրներից որևէ մեկի հետ։ «Արմենպրես»-ը նաև Ֆիլիպինների լրատվական գործակալության հետ համանման համաձայնագրի մշակման փուլում է՝ հույս ունենալով, որ այն ևս կբերվի ավարտուն տեսքի ու կստորագրվի առաջիկայում:
«Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում, երբ ինֆորմացիան այլևս սահմաններ չի ճանաչում, այս համագործակցությունն ահռելի նշանակություն ունի: Ճշգրիտ, օպերատիվ և բազմակողմանի լուրերի հաղորդման մեր համատեղ հանձնառությունն, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Վիետնամի միջև կապերը: Այս համաձայնագրի միջոցով մենք հանձն ենք առնում բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել մշակութային կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր, նպաստել, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի սերտ առնչվեն միմյանց մշակույթին ու արժեքներին»,- ասաց Նազարյանը:
Նա տեղեկացրեց, որ «Արմենպրես»-ն այս տարի նշում է հիմնադրման 105-ամյակը, հետևաբար վստահելի և հուսալի լրատվամիջոցի կերտման հարյուրամյակի ավանդույթը գործակալությանը ստիպում է անդադար առաջ շարժվել՝ ժամանակի պահանջներին ու տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։ Պատահական չէ, որ «Արմենպրես» լրատվական գործակալության ժապավենը թարգմանվում է վեց օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն։
«Հպարտ եմ՝ պատմական այս պահն օգտագործելով հայտարարել, որ առաջիկա օրերին կգործարկվեն նաև գործակալության կայքի վրացերեն, չինարեն և պարսկերեն բաժինները։ Մենք գիտակցում ենք Հայաստանի ու աշխարհի միջև ամուր ու հուսալի լրատվական կապեր ստեղծելու մեր առաքելությունը և ձգտում բազմալեզու լրատվական ժապավենի միջոցով ավելի մեծ լսարանի ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների լրատվական արտադրանքը»,- նշեց Նազարյանը։
Նրա համոզմամբ՝ լրատվությունը փոխճանաչման հզոր զենք է, հետևաբար հաղթահարելով աշխարհագրական հեռավորությունը՝ «Արմենպրես»-ը և Վիետնամի լրատվական գործակալությունը կներկայացնեն պատմություններ, որոնք կարտացոլեն մարդկության համընդհանուր արժեքները՝ խթանելով միասնության և փոխադարձ հարգանքի ոգին: Նազարյանը նաև շնորհակալություն հայտնեց երկու գործակալությունների աշխատակազմերին այս պատմական պահի մի մասնիկը լինելու և այն կյանքի կոչելու անխոնջ ներդրման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ, երկուստեք փոխանակումները՝ լուսավոր, իսկ լրատվության ու փոխճանաչման բաց ծովում համատեղ նավարկությունը՝ հեռուն գնացող:
Վիետնամի լրատվական գործակալության տնօրեն Վու Վիետ Չանգը նշեց, որ համաձայնագրի համաձայն՝ երկու գործակալությունները պաշտոնապես կփոխանակեն տեղեկատվություն տարբեր ձևերով և կիրականացնեն համագործակցության այլ նախագծեր, որոնք համահունչ են յուրաքանչյուր կողմի կարիքներին և հնարավորություններին:
«Միասին մենք ավելի լավ կկատարենք մեր առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով Վիետնամի և Հայաստանի ժողովուրդներին, լուսաբանելով երկու երկրների հանրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները, տարածաշրջանում և աշխարհում առկա խնդիրները: Այս համագործակցությունը կնպաստի մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հետագա ամրապնդմանը, համատեղ գործունեության խթանմանը և Վիետնամի ու Հայաստանի միջև երկարամյա բարեկամության ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը: Մենք հասկանում ենք, որ «Արմենպրես»-ն ակտիվորեն զարգացնում է մուլտիմեդիա լրագրության արտադրանքները, ինչպիսիք են տեսանյութերը և փոդքասթները: Ուստի անհամբեր սպասում ենք «Արմենպրես»-ի հետ մասնագիտական փորձի փոխանակմանը մեր պայմանավորվածության իրականացման միջոցով։ 1918-ից սկսած՝ իր երկարամյա ավանդույթներով «Արմենպրես»-ն անցել է զարգացման և կազմակերպչական վերակազմավորման տարբեր փուլեր, հետևաբար նրա փորձառությունը մեծապես օգտակար կլինի մեզ համար ընթացիկ թվային փոխակերպման շրջանում»,- ասաց Վու Վիետ Չանգը:
Նա համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական կամրջի միջոցով Վիետնամի լրատվական գործակալությունը և «Արմենպրես»-ը` որպես երկու երկրում հեղինակավոր լրատվական գործակալություններ, կօգնեն խորացնել Վիետնամի և Հայաստանի միջև համագործակցային հարաբերությունները առավել գործնական և արդյունավետ ձևով, ինչը համարժեք է երկու ազգերի ներուժին և զարգացմանը:
Վու Վիետ Չանգը նաև շնորհակալություն հայտնեց Վիետնամում ՀՀ դեսպանությանը՝ համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցելու համար։
Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը նշեց, որ Հայաստանի և Վիետնամի ժողովուրդներն այսուհետ կունենան ավելի լավ, արագ և որակյալ տեղեկատվություն փոխանակելու միմյանց երկրների մասին՝ նման հեղինակավոր և վստահելի աղբյուրներից։
«Հայաստանն ու Վիետնամը պատմական հարաբերություններ են ունեցել դեռևս միջնադարից։ Սակայն 20-րդ դարում մեր բարեկամությունն իրական դրսևորում ունեցավ, երբ հայ ժողովուրդն օգնեց վիետնամցիներին անկախության և Վիետնամի վերամիավորման համար մղվող պայքարում։ Նախագահ Հո Չի Մինի պատմական այցը Հայաստան 1959 թվականի հուլիսի 21-23-ը նոր դարաշրջան նշանավորեց մեր հարաբերություններում։ Բայց 1991 թվականին Հայաստանի անկախացմամբ և տասը տարի առաջ Հանոյում Հայաստանի դեսպանության բացմամբ նոր սկիզբ արձանագրվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Անկեղծորեն ուրախ եմ, որ չորս տարի առաջ, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, Վիետնամի լրատվական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Նգուեն Դուկ Լոյի հետ ունեցած հանդիպումը և պայմանավորվածությունը համագործակցության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ այսօր հաջողությամբ իրականացվել է։ Շնորհակալություն երկու կողմերին՝ այսօրվա արդյունքին հանգեցրած իրենց նվիրված աշխատանքի համար»,- ասաց Վիետնամում ՀՀ դեսպանը։
«Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ստորագրման արարողությանը մասնակցել են նաև գործակալության փոխտնօրեն Արաքս Կասյանը, փոխտնօրեն Վահրամ Եղիազարյանը, գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը և տեխնիկական բաժնի ղեկավար Կարեն Ասատրյանը։
Վիետնամի լրատվական գործակալությունը (Vietnam News Agency (VNA)) Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական գործակալությունն է, որը գործում է 1945 թվականից։ Այն երկրի առաջատար լրատվամիջոցն է, որը տեղական ու միջազգային լուրեր է հրապարակում վիետնամերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն։ VNA-ն ստեղծում է շուրջ 60 մեդիա արտադրանք, այդ թվում և լուսանկարներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն, հրատարակում է օրաթերթեր, շաբաթաթերթեր ու ամսագրեր։ Գործակալությունն ունի 30 օտարերկրյա գրասենյակ։
«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Այն օրական հրապարակում է շուրջ 400 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և իսպաներեն։ Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված են շուրջ 1 մլն լուսանկարներ։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։