Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը: Յոավ Գալանտը պնդել է՝ ահաբեկիչները փախչում են հարավ, իսկ իսրայելական բանակն ակտիվացնում է ՀԱՄԱՍ-ի թունելների վրա հարձակումները: Լրատվամիջոցները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը նաև գրավել է ՀԱՄԱՍ-ի կառավարական գրասենյակները, ինչպես նաև խորհրդարանի շենքը: Շարժումը դեռ չի մեկնաբանել այդ հաղորդումները: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Իսրայելական կողմը զորաշարժ է իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափին, ձերբակալել մի շարք պաղեստինցիների, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչական կազմակերպությունների հետ:
ԶԼՄ-ները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը կրկին թիրախավորել է Ջաբալիայի փախստականների ճամբարը, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ակտիվ մարտեր են Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում, որի տակ, իսրայելական կողմի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքներ կան: Ալ-Քուդս հիվանդանոցում էլ, որտեղ տուժածներ և փախստականներ կան, հրդեհ է բռնկվել:
Իսրայելական և պաղեստինյան կողմերի զոհերի ընդհանուր թիվը հատում է 12.400-ը: Al Jazeera-ն գրում է, որ Կատարն աշխատում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման ուղղությամբ:
ԶԼՄ-ները գրում են, որ Եգիպտոսի «Ռաֆահ» անցակետը կրկին գործարկվել է, դրանով հումանիտար տասնյակ բեռներ են ուղարկվել գազայի հատված, շարունակվում է նաև Գազայի հատվածից օտարերկրացիների տարհանումը:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատերազմը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ: «Եթե մենք հիմա չհաղթենք, թիրախում կհայտնվի նաև Եվրոպան, իսկ հետո՝ դուք»,- ասել է Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում։
Մանրամասները՝ ռեպորտաժում: