Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության հատկացած միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Սահմանապահ զորքերի ղեկավարության անունից շնորհավորել է զինծառայողներին նորակառույց ուղեկալում ծառայություն իրականացնելու կապակցությամբ և նշել, որ հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է, հավելել է, որ նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Սահմանապահ զորքերի ղեկավարությունը շրջայց կատարեց նորակառույց ուղեկալի սպայական կացարանում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են սահմանապահ ուղեկալի սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
Այցի ավարտին ՀՀ ԱԱԾ ղեկավարության անունից համապատասխան հանձնարարականներ տրվեցին Սահմանապահ զորքերի ուղեկալում ծառայություն իրականացնող սպայական անձնակազմին։