Խորհրդարանը քննարկեց Կառավարության ներկայացրած՝ Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանy (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: ՀՓՄ-ն միջկառավարական միջազգային կազմակերպություն է և ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ:
Այն երկրները, որոնք ընդունում են ՀՓՄ-ի կանոնադրությունը, կազմում են «Համաշխարհային փոստային միություն» միասնական փոստային տարածքը՝ փոստային առաքանիների փոխադարձ փոխանակման համար:
Կազմակերպությունն օգնում է ապահովել ժամանակակից փոստային կապի ծառայությունների մատուցման միասնական ցանցը, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական և փոխկապակցող դեր և անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ն սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման և հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման գծով:
Համաշխարհային փոստային կոնվենցիան ստորագրվել է 2021 թ. օգոստոսի 26-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է անորոշ ժամկետով:
Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. օգոստոսի 26-ին: Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին և գործում է անորոշ ժամկետով:
«ԲՏԱ նախարարությունը նպատակահարմար է համարում Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացումը, խնդրում եմ հաստատել»,- ասաց հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հարց ուղղեց Սահակյանին՝ խնդրելով բացատրել, թե ինչ է տալիս, ինչ գործիքներ է ձեռք բերելու կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշեց՝ Հայաստանն արդեն իսկ անդամակցում է Համաշխարհային փոստային միությանը, մեր երկիրը աշխատում է կոնվենցիայով, սակայն վավերացնելու ենք փոփոխությունները:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կոնվենցիայի ընդունումից հետո անհրաժեշտություն է լինելու օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ կատարել, բացի այդ՝ խնդրեց նախարարի տեղակալին գնահատել «Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների վիճակը:
«Կոնվենցիան սահմանում է հարաբերությունները մյուս փոստային օպերատորների հետ, կոնվենցիան սահմանում է ծառայությունների որակի չափանիշներ, բայց անցած տարի մենք ընդունել ենք Փոստային կապի մասին օրենքի փոփոխությունները, այդ օրենքի ներքո արդեն իսկ կատարվում են համապատասխան կանոնակարգերի ձևակերպումները և կանոնակարգվում են և՛ ծառայության որակի բարելավումները, և՛ մնացած գործառույթները ոչ միայն «Հայփոստի», այլև 42 օպերատորների, որոնց տրվել է գործունեություն ծավալելու լիցենզիա»,- պատասխանեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ նշեց՝ «Հայփոստում» կատարվում են և՛ կառուցվածքային, և՛ օպտիմիզացման աշխատանքներ: Համաշխարհային փոստային միության գնահատականով՝ «Հայփոստը» անցած տարի 48-րդ հորիզոնականից բարձրացել է 40-րդ հորիզոնական, ինչը «Հայփոստի» ծառայությունների բարելավման խոսուն արդյունք է»,- ասաց ԲՏԱ նախարարի տեղակալը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նկատեց՝ ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում 4,1 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել «Հայփոստում», հարց ուղղեց նախարարի տեղակալին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք դա «Հայփոստի» լավ կառավարման նշան է:
Դավոյանը «մտահոգիչ» որակեց «Հայփոստի» վերաբերյալ հրապարակված թվերը:
«Այո՛, մենք էլ ենք տեղյակ ՊՎԾ-ի հաշվետվությանը, աշխատանքները տարվում են հաշվետվության մեջ նշված խախտումների բացահայտման ու դրանց իրավական գնահատական տալու հետ կապված, չեմ ցանկանում այստեղ քննարկել դրանց ընթացքը: Պատրաստ ենք համապատասխան ԱԺ հանձնաժողովում գալ «Հայփոստի» մեր գործընկերների հետ և մանրամասն, կետ առ կետ քննարկել բոլոր խախտումները, բայց եկեք սպասենք իրավապահ մարմինների գնահատականին»,- ասաց ԲՏԱ նախարարի տեղակալը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: