Վիզաների ազատականացման հարցը Եվրոպական հանձնաժողովը փոխանցում է խորհրդին, բայց որոշումը տալիս են 27 պետությունների ղեկավարները: Եթե 27 պետությունների ղեկավարներից գոնե մեկը դեմ եղավ, այդ որոշումը, բնականաբար, չի կայացվում: Այդ մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցին:
«Երեկ Բորելը հայտարարեց, որ այդ հարցը մտնելու է քննարկման օրակարգ: Ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել, բայց կարող եմ կանխատեսում անել, որովհետև խոսքը մոտ ապագայի մասին է, ու իմ կանխատեսումը բավականին լավատեսական է, որովհետև ես գիտեմ 27 պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը և նաև գիտեմ 1, 2 տատանվող պետությունների հետ քննարկումների արդյունքները»,- ասաց Եղոյանը:
Նա ընդգծեց, որ եթե Եվրոպական խորհուրդը նման որոշում կայացնի, դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու որոշում: «Որպես կանոն՝ երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին: ԵՄ-ի պատմության մեջ չի եղել, որ երկխոսությունը սկսեն, հետո ասեն` չենք անում: Երկխոսությունը սկսելուց հետո արդեն հարցի տեխնիկական կողմերն են լուծվում՝ բիոմետրիկ անձնագրեր, սահմանային հսկում, ռեադմիսիայի վերաբերյալ հարց. դրանց մեծ մասը մենք արդեն լուծել ենք»,- ասաց Արման Եղոյանը:
Ազատականացման տարբերակը, որ դրված է սեղանին, պատգամավորի խոսքով, այն տարբերակն է, ինչ Վրաստանն է ստացել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ժամանակ: «Եթե սա լինի՝ կնշանակի, որ վերցնելու եք ձեր սովորական անձնագիրն ու այդ անձնագրով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ»,- նշեց նա:
Խոսելով գործընթացի ժամկետների մասին՝ Արման Եղոյանը հիշեցրեց, որ Վրաստանի և Մոլդովայի դեպքում դա տևեց 2 տարի, Ուկրաինայի դեպքում մի քիչ ավելի: «Հաշվի առնելով, որ մենք արդեն քայլերի մեծ մասն արդեն իրականացրել ենք, մեր դեպքում դա կարող է էլ ավելի քիչ տևել»,- ասաց նա:
Խոսելով Եվրաինտեգրման փուլերից՝ պատգամավորը նշեց, որ դրանք բազմաթիվ են՝ սկսած համագործակցությունից՝ վերջացրած ԵՄ-ի անդամությամբ: «Մեջտեղում կան բազմաթիվ կետեր. կան ասոցացված անդամներ: Յուրաքանչյուր փուլում պետք է պետությունն իրեն պահի այդ փուլին համապատասխան ձևով:
Անդամության թեկնածու դառնալու ծրագրերին Հայաստանը պետք է դիմի անդամության համար: Ապագայում միգուցե ծրագրի. ի՞նչ խնդիր կա: Այս պահին եթե նկատի ունեք արդյոք մինչև այս շաբաթվա վերջ Հայաստանը դիմելու է անդամության թեկնածու դառնալու համար, ապա՝ ոչ»,- նշեց Արման Եղոյանը: