Այս պահին մենք գտնվում ենք առկա գործող համաձայնագրի կիրարկման պրոցեսում, որը, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է ավարտվի 2026 թվականին՝ բացառությամբ 1-2 կոմպոնենտի, որոնք նախատեսված են 2027-ի համար: Բայց դա էլ մենք կարող ենք շուտ ավարտել, այսինքն՝ 2026 թվականին առկա գործող համաձայնագիրը ամբողջությամբ կիրարկված կլինի: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացին:
Նա հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագիրը առկա համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտուր:
«Իսկ ազատ առևտուրն ինքնին ենթադրում էր նաև Մաքսային միության որոշակի էլեմենտներ, մաքսային արտոնություններ, անմաքս առևտուր, բայց ինչպես գիտեք՝ Հայաստանն այն ժամանակ դարձավ մեկ այլ մաքսային միության անդամ, իսկ մի պետությունը տեխնիկապես չի կարող 2 մաքսային միությունների անդամ լինել»,- նշեց պատգամավորը:
«Մենք հիմա արդեն իսկ գտնվում ենք գործող համաձայնագրի կիրարկման փուլում, որը ենթադրում է մեր ապրանքատեսակների որակների որոշակի ստանդարտացում»,- ասաց Արման Եղոյանը
Ինչ վերաբերում է եվրաինտեգրման գործընթացում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությանը, ապա Եղոյանը նշեց. «ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա. դա քաղաքական որոշում է»: