ԼՂ-ից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչև շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ստանալը շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ ու միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով, ըստ Նանուշյանի, պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Բայց քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ, և ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, այդ իսկ պատճառով ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանվածներն այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:
Խնդրին լուծում տալու համար Կառավարությունը գործի է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել ԼՂ-ից բռնի տեղահանված միջին ու ավագ բուժաշխատողների վրա մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
«Նախագիծը հրատապ ենք համարել և խնդրում ենք 24 ժամվա ընթացքում հաստատել»,- ասաց Լենա Նանուշյանը:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ Կառավարությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է կրեդիտ հավաքելու գործընթացում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին անվճար աջակցություն տրամադրելու հարցում:
«Մինչ տարվա վերջ մինչև 1200 հոգու՝ ավագ և միջին բուժաշխատողի, հնարավորություն ունենք պետության միջոցներով ուղղորդել կրթական հաստատություններ՝ վերապատրաստում անցնելու»,- ասաց Նանուշյանը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ վեր են հանվել նաև բուժաշխատողների մասով մարզերի թափուր պաշտոնները, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աշխատանքի անցնեն նաև մարզերում:
«Ընդ որում՝ նախարարի հրամանով արդեն իսկ ունենք հաստատված լրավճար աշխատավարձին, որը մինչև 6 ամսվա համար լրացուցիչ մոտիվացիա և հնարավորություններ կտա մարզում աշխատելու համար»,- ասաց Նանուշյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հերթին առաջարկեց դիտարկել հեռավոր բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցողներին բնակարան տրամադրելու հարցը: