ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019 թ․ հոկտեմբերի 4-ին Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչն իր առանձնատան նկուղային հարկում հյուրընկալել է երկու համաքաղաքացու: Զրույցի ընթացքում նրանցից մեկը 50-ամյա տղամարդուց անհատույց գումար է պահանջել, որին վերջինս չի մերժել և խոստացել է հաջորդ օրը տալ: Միևնույն ժամանակ, հյուրընկալված տղամարդկանցից մյուսը վառած ծխախոտը դրել է 50-ամյա տղամարդու պարանոցի հետին մակերեսին, ապա երկուսով սկսել են հարվածել տղամարդու մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում հիշյալ երկու տղամարդկանցից մեկը «Բռունի» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել, իսկ 50-ամյա տղամարդը, սեղանից վերցնելով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող մարտական ատրճանակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հիշյալ երկու տղամարդկանց սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Վերջինիս արձակած կրակոցներից նշված 2 անձինք մահացել են։
Այդ ընթացքում, լսելով կրակոցների ձայնը՝ մի խումբ անձանց հետ ներս է մտել 50-ամյա տղամարդու քրոջ 43-ամյա որդին և ինքնակամ ներգրավվել է վեճին: Վերջինս, կտրող գործիքով այտի և որովայնի շրջանում թեթև վնաս ստանալով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այնտեղ գտնվող 6 անձանց սպանելու դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք բերված «ԱԿ-74» մոդելի ակոսափող մարտական ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:
50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցների արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից առանձնատան նկուղային հարկում գտնվող անձանցից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս:
Նախաքննության ընթացքում հիշյալ առանձնատանը կատարված խուզարկությամբ նաև հայտնաբերվել է ընդհանուր 142,84 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», զգալի չափերով՝ 0,00937 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլ» և զգալի չափերով՝ 689,97 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն և վերջինիս քրոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:
Վերջիններիս մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ մասով անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ հրազենների և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: