ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից։
Լրագրողներին մանրամասներ ներկայացնելով՝ պատգամավորը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց:
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։
«Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց նա և նշեց, որ իր ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին հնարավորություն տալ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին:
«Իմ կանխատեսումներով՝ առաջիկա 1 տարվա ընթացքում օրենքից կօգտվի մոտ 500-1000 քաղաքացի: Օրենքի ընդունման արդյունքում մենք կունենանք ավելի քան 500 նոր զորակոչիկ և հավելյալ ֆինանսական մուտքեր պետական բյուջե»,- ասաց նա: