Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Ակնկալվում է՝ նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում կապահովվի առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:
Կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ-ում քննարկման ներկայացրեց ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետի և ավագանու իրավական ակտերը կներկայացվեն լիազոր մարմին՝ նաև Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելու համար:
Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն: