ԿԸՀ-ն այսօր ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 18 և թիվ 19 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին և ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Պարսիլյանին: Այդ մասին ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին տեղեկացրեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդվեցին պատգամավոր Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան հանգամանքով պայմանավորված՝ Տիգրան Պարսիլյանը համալրել էր խմբակցության ցուցակը:
Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի մանդատ վերցնելուն, ապա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվել էր մանդատից, իսկ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, և պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։