ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանը մաս կազմելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների, ընդգրկված չէ տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում:
«Սա վկայում է վերջին 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացված կայուն, արդյունավետ քաղաքականության և տուբերկուլոզի ազգային ծրագրի արդյունքների, «Գլոբալ» հիմնադրամի հետ համագործակցության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի «Տուբերկուլոզի վերաբերյալ գլոբալ զեկույցում» ներկայացված են վերջին 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի բուժօգնության տրամադրման քաղաքականության արդյունավետության ցուցանիշները:
2022 թվականի տվյալներով` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացությունը կազմել է 14,2, ինչը նշանակում է 14 պացիենտ` 100 հազար բնակչություն հաշվարկով:
Տուբերկուլոզի դեմ պայքարի առաջիկա նշաձողն է` 100 հազար բնակչության հաշվով հիվանդացության նվազեցում` 10-ից ցածր ցուցանիշը:
Այդուհանդերձ, դեղակայուն տուբերկուլոզը շարունակում է մնալ խնդիր` իրականացնելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում բազմադեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումները»,- նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: