Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը (CRRC-Armenia):
Հետազոտության համաձայն՝ ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ: Հատկանշական է, որ տնտեսվարողները հարկերի վճարումը պայմանավորում են առաջին հերթին հանրային բարիքի ստեղծման մասնակցությամբ: Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։ Հարցումներից պարզվել է նաև, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները: Հատկանշական է, որ ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը և մատուցվող ծառայությունները: Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռևս բարելավման կարիք ունեն։ Կարևորելով հետազոտության արդյունքները՝ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի են առնվում Պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրերում և հետագա բարեփոխումներում։
Առաջիկայում Համաշխարհային բանկը նմանատիպ հետազոտություն կնախաձեռնի նաև մաքսային ոլորտում: Հարցումներն այստեղ կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում` որպես առանձին թիրախային խումբ դիտարկելով բեռնափոխադրողներին և մաքսային միջնորդներին: