Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։
Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության արդյունքում ստեղծված իրավիճակը։ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։