Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նշվում է նիստի նյութերում, նախարարները նախատեսում են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության, դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի լույսի ներքո»:
«Քննարկումը հիմնվելու է Եվրոպական խորհրդի՝ հոկտեմբերին կայացրած եզրակացությունների վրա, որոնցում ԵՄ-ն ընդգծել է իր աջակցությունը կայուն և տևական խաղաղությանը, Ղարաբաղի հայերին օգնելու անհրաժեշտությունը և կոչ է արել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Արտաքին գործերի խորհրդում քննարկումը կկենտրոնանա, մասնավորապես, այն բանի վրա, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու նրա ժողովրդավարական ինստիտուտները, խթանել կարգավորման գործընթացը: Սպասվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստանում ԵՄ առաքելությունն ուժեղացնելու հարցը»,- ասվում է փաստաթղթում։