Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն կոչ է արել բարեկամ երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը և պաշտպանել «երկու պետության» ձևաչափը մերձավորարևելյան հակամարտությունը լուծելու համար, քանի դեռ ուշ չէ:
Այդ մասին նա հայտարարել է Ռամալլահում Դանիայի արտգործնախարար Լարս Լեկե Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում, հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։
Շտայեն կոչ է արել «Դանիային և բարեկամ երկրներին, որոնք հավատում են խաղաղության, ճշմարտության և արդարության արժեքներին, ճանաչել Պաղեստին պետությունը և պաշտպանել «երկու պետության» բանաձևը, որը նախատեսում է պաղեստինյան և իսրայելական պետությունների խաղաղ գոյակցությունը»:
Նա ընդգծել է «համապարփակ և արդար քաղաքական կուրսի անհրաժեշտությունը, որը վերջ կդնի օկուպացիային և կստեղծի պետություն 1967 թվականի սահմաններով՝ Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բոլոր պաղեստինյան տարածքներում, ներառյալ Երուսաղեմը»: