Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, որը Հայաստանում է Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով:
Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում մեծ մասսայականություն ունի, և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:
Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով:
Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:
Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով:
Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով: