Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
ԱՍՀ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության ու նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում և նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի նկատմամբ։ Մենք կարևորում ենք նաև Ձեր պաշտոնավարման տարիներին ունեցած սերտ համագործակցության դերը, և լիահույս ենք, որ առկա նախադրյալները թույլ կտան համագործակցությունը շարունակել նույնքան արդյունավետ»,- նշել է նախարարը։
Դեսպան Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին համատեղ իրականացված աշխատանքների համար․ «Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, քանի որ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճապոնիայի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»,- նշել է դեսպանը։
Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆուկուշիմային հանձնել է հուշադրամ՝ սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության և պարբերաբար ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ մանրամասներ։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։ Դիտարկվել է նաև ճապոնական կողմի աջակցության հնարավորությունը՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման համատեքստում։