Լեհաստանում ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» (ՔԿ) դաշինքը, որը բաղկացած է երեք ընդդիմադիր կուսակցություններից, կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել և պատրաստ է սկսել կառավարության ձևավորումը, հաղորդել է AFP-ն:
Ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը, որը գլխավորում է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, վարչապետի՝ ընդդիմության թեկնածուն է։ Չնայած հանգամանքին, որ ընդդիմադիր դաշինքն ունի մեծամասնություն խորհրդարանում, այն դեռ չի կարող սկսել կառավարություն ձևավորել։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան շաբաթվա սկզբին ներկայիս վարչապետ Մատեուշ Մորավեցկուն հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։ Նրա ազգային պահպանողական «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցությունը ութ տարի ղեկավարում է Լեհաստանը, սակայն հոկտեմբերի 15-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում թեև հաղթեց՝ մնալով երկրի ամենամեծ քաղաքական ուժը, բայց կորցրեց իր բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում։
Ներկա իրավիճակում Մորավեցկին գործնականում չունի կառավարական կոալիցիա ստեղծելու հնարավորություն, քանի որ PiS-ը ընտրություններում ապահովել է 460 մանդատից 194-ը։ Ընդդիմադիր դաշինքը խորհրդարանում ունի 248 մանդատ։
Լեհաստանի սահմանադրության համաձայն՝ ընտրությունից հետո նոր կաբինետի ձևավորումը կարող է իրականացվել երեք փուլով, պարզաբանում է Polskie Radio-ն։ Առաջին փուլում նախագահը հանձնարարում է ձևավորել կառավարություն, որը ձայների բացարձակ մեծամասնությամբ պետք է ստանա խորհրդարանի ստորին պալատի՝ Լեհաստանի Սեյմի հավանությունը։ Եթե դա չհաջողվի, ապա խորհրդարանականները հնարավորություն կունենան նոր թեկնածու առաջադրել՝ կաբինետը ձևավորելու համար։ Այդ դեպքում ևս կառավարությունը պետք է ստանա Սեյմի աջակցությունը։ Իսկ եթե դա էլ տեղի չունենա, նախագահը կրկին պետք է ինչ-որ մեկին հանձնարարի ձևավորել կաբինետը։