Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. սպեկտրը շատ մեծ է: Այդ մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ե՛վ ակադեմիական, և՛ քաղաքական շրջանակներում կա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ: Ինձ համար դրա կարճ պատասխանը ժողովրդավարությունն է, այսինքն՝ եթե դու ժողովրդավարություն ունես, դու կիսում ես այդ արժեքները, և [եթե] երկիրը կառավարվում է այդ սկզբունքով, դու միանշանակ մոտ ես Եվրոպային»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու Հայաստանի ներքին խնդիրները:
«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը հենց դա է. արդյոք ժողովրդավարությունը նաև կարո՞ղ է արտաքին անվտանգություն ապահովել:
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նաև լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանն աջակցություն ստանա անվտանգության ոլորտում՝ դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները:
Իհարկե, երբ մենք 2021-ի վերջին 2022-ի սկզբներին այս խոսակցությունը սկսել էինք, բազմաթիվ հարցեր կային Հայաստանին, բայց, կարծում եմ՝ այդ հարցերի մեծամասնությունն արդեն անցյալում է, կարևոր առաջընթացներ ենք ունեցել»,- ասաց նա և վերոնշյալ հարցին դրական պատասխան տվեց. «Այո՛, ժողովրդավարությունը ներքին կայունության ապահովման լավագույն գործիքներից է, բայց նաև ժողովրդավարությունը արտաքին անվտանգության ապահովման լավագույն գործիքներից է: Սա մեզ երկուսից է կախված, նկատի ունեմ Երևանից, Բրյուսելից»:
Նա հավելեց, որ դա կախված է նաև արևմտյան աշխարհից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, որը ևս ինտենսիվ ներգրավված է Հայաստանում խաղաղություն հաստատելու գործում: