Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։ Առանց տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման նման իրավիճակ ապահովելը շատ դժվար կլինի, և դա հաշվի առնելով՝ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ մասին Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մեր տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով կապելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։
Ինչպես գիտեք, մենք ներկայումս չունենք գործող ճանապարհներ, գործող երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր կամ էլեկտրահաղորդման գծեր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, և առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։
Մանրամասները ներկայացված են մեր «Խաղաղության խաչմերուկ» գրքույկում, որը բաժանվել է ձեզ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք։ Այս նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։ Եվ ես աջակցության հույս ունեմ ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև ընդհանրապես միջազգային հանրության կողմից։
Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել՝ պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։ Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ»,- նշել է վարչապետը։