Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու իր պարտավորությունները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
«ԵՄ-ն տեղեկացրել է անդամ երկրներին, որ դաշինքը հազիվ թե կատարի իր պարտավորությունը՝ տրամադրել Ուկրաինային մեկ միլիոն հրետանային զինամթերք, ինչը բարդացնում է Կիևի՝ ռուսական արտադրությունից հետ չմնալու հնարավորությունը»,- նշում է պարբերականը։
Գործակալությունն ընդգծում է, որ ԵՄ-ն տրամադրել է խոստացված արտադրանքի միայն 30 տոկոսը։ Այդ կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը դիվանագետների շրջանում տեղեկատվություն է տարածել, որ միավորումը մինչև 2024 թվականի մարտը չի կատարի իր առջև դրված պարտավորությունները։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան քննադատել էր ԵՄ պաշտպանական արդյունաբերության արդյունավետությունը և հայտարարել, որ դաշինքը պետք է ուժեղ շուկա ստեղծի այդ ոլորտում՝ զինամթերքի արտադրությունը մեծացնելու համար։ Նախարարը նշել է, որ Եվրամիությունն ամբողջությամբ չի կատարել Կիևին սպառազինությունների մատակարարման հետ կապված իր խոստումը։