Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի անվերապահ հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին:
Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Ժողովրդավարության ապագան. պաշտպանություն ավտորիտարիզմից» խորագրով բարձր մակարդակի երկօրյա ամենամյա խորհրդաժողովը Լիտվայում կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։ Ֆորումի հիմնական նպատակն է ժողովորդավարության ամրապնդմանը և ավտորիտարիզմի հակազդմանն ուղղված մտքերի փոխանակումը՝ ի շարունակություն 2023 թ. մարտին ԱՄՆ կողմից կազմակերպված Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի։