Օրենքի նախագծի նպատակն ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայումն է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրման կանխարգելումն է` եկամտի հաշվառման առանձնահատկություններ սահմանելու միջոցով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայումն է: Այս մասին ասել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախագծի ընդունմամբ տրանսպորտային միջոցների օտարման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների), եկամտի որոշման և ծախսագրումների առանձնահատկությունների սահմանմամբ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերի տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայմամբ կսահմանափակվեն պետական բյուջեի եկամուտների չհիմնավորված նվազեցումները, ինչպես նաև դրույքաչափերի վերանայմամբ կապահովվեն պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ:
Նախատեսվում է, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: