Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի վճարումից ազատված էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների վրա դնել լրացուցիչ սահմանափակում, այսինքն` կիրառել այն մեքենաների նկատմամբ, որոնց տարիքը չի գերազանցում հինգ տարին: Նախարարը նշել է, որ 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվել է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
Վահան Քերոբյանի խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները. 2022 թվականին ներմուծվել է 3485 միավոր, 2023 թվականի նոյեմբերի մեկի դրությամբ` 4195 տրանսպորտային միջոց, այսինքն` մոտ 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 8900 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,8 անգամ:
Նախարարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւս երկու տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը: Հայաստանին նախատեսվում է հատկացնել սակագնային քվոտա` 2024-2025 թվականների շրջանակում` յուրաքանչյուր տարվա համար 8000 հատ չափաքանակով:
Վահան Քերոբյանի խոսքով էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակներին: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման թռիչքաձև աճ չլինելու հանգամանքը պատգամավոր Արսեն Թորոսյանը պայմանավորել է քաղաքացիների` վերոնշյալ մեքենաների օգտագործման շահավետության վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկմամբ, իսկ Նարեկ Ղահրամանյանը` վերոնշյալ մեքենաների բարձր արժեքով: Արսեն Թորոսյանը հորդորել է համապատասխան գերատեսչությանն այս մեքենաների շահագործման շահավետության մասով քաղաքացիների իրազեկման աշխատանքներ իրականացնել:
Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` Վահան Քերոբյանը նշել է, այս պահին նախագծի կարգավորումներն ուղևորատար ավտոբուսների ու բեռնատարների վրա չեն տարածվում:
Ծովինար Վարդանյանը խոսել է սոցիալական արդարության մասին և հարց բարձրացրել` որքանո՞վ է արդար, որ սոցիալապես ավելի լավ վիճակում գտնվող քաղաքացիներին նմանատիպ արտոնություններ են տրվում, իսկ ավելի վատ վիճակում գտնվողներին` ոչ: Նա շուկան առավել հասանելի և մատչելի դարձնելուն ուղղված մեխանիզմների անհրաժեշտությանն է անդրադարձել:
Պատգամավորներն ու գործադիրի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկիր ներմուծվող հին ավտոմեքենաների խնդրին և քննարկել ավտոպարկը թարմացնելու հնարավոր մեխանիզմները, խոսել քաղաքացիների համար դաշտը կանխատեսելի դարձնելու կարևորության մասին:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է այս պահին ստատուս քվոն պահպանել, քաղաքական խոստում տալ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ և հասկանալի լուծումներ են մշակվելու այս դաշտի համար: Նա առաջարկել է նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո վիճահարույց հարցերը կքննարկվեն և լուծումներ կառաջարկվեն:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: