«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:
«Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարևորվում է նաև հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման առումով»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ փաստաթղթի կիրառմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև կհաստատվի ուղղակի կապ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման և մեր երկրից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա:
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև` մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ստացել է դրական եզրակացություն: