Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար) սոցիալական աջակցության համար դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։
Ճեպազրույցի ժամանակ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրեց, որ ծրագրի շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվողները, ՀՀ-ից բացակայողները, 2023-ի սեպտեմբերի 19-ից առաջ՝ մինչև ԼՂ-ից բռնի տեղահանումը, ՀՀ-ում հաշվառվածները, հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցողները:
«2 միլիոն դրամական շեմի սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա, չի տարածվում ընտանիքի անդամների և երեխաների վրա: 2 միլիոն դրամական շեմի սահմանափակումը չի տարածվում նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձանց վրա»,- ասաց Ժամակոչյանը:
Դիմումները կընդունվեն մյուս շաբաթվանից, այն պետք է լրացնի չափահաս անձ, որը դիմումին զուգահեռ կտա նաև իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն: