ՀՀ վարչապետի համաձայնությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից:
«Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, ինչպես նաև ծրագրի չիրականացման և երկարաձգման արդյունքում ծրագրի թանկացման դեպք՝ շուրջ 146.0 մլն եվրոյի չափով:
Վերոգրյալ խախտումների վերացման, ինչպես նաև խնդիրների համակարգային լուծման նպատակով՝ ՀՀ վարչապետին սահմանված կարգով ՊՎԾ-ի կողմից առաջարկություն է ներկայացվել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպես լիազոր մարմին, Ընկերության հետ իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով, որի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: Արդյունքում, ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության մասով տրամադրված նյութերի հիման վրա՝ սույն թվականի նոյեմբերի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հատկանիշներով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադառնալ ս.թ. նոյեմբերի 7-ին որոշ լրատվական կայքերում, այդ թվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հերքման տեքստին, որում Ընկերությունն անհաջող փորձ է կատարել հերքել ծառայության կողմից հրապարակված նշյալ ուսումնասիրության արդյուքներին վերաբերող տեղեկատվությունը՝ տալով անպատասխանատու և անհիմն որակումներ: Նշվածի կապակցությամբ, հարկ է փաստել, որ ծառայության կողմից Ընկերության լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված համապատասխան գրությամբ ներկայացվել է գործընկերային հորդոր՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու բացառելու նմանատիպ վարքագծի դրսևորումներն իր ենթակա կազմակերպության կողմից: Մասնավորապես, զերծ մնալու «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում արձանագրված արդյունքներին անհիմն որակումներ տալուց՝ առնվազն ցուցաբերելով հրապարակային զսպվածություն:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: