Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է զեղչերի և այլ ակցիաների կարգավորումները՝ «սև ուրբաթին» ընդառաջ բիզնեսին ևս մեկ անգամ իրազեկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից՝ անդրադառնալով անցյալ տարի իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ այժմ ոլորտն էականորեն բարելավվել է, և զեղչի իրազեկման նվազագույն պահանջները տնտեսվարողների կողմից հիմնականում պահպանվում են:
Նա հավելել է, որ հանձնաժողովը լայնածավալ մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, հագուստ, շինանյութ և այլն, ավելի քան 80 ակցիաներ են դիտարկվել, որի արդյունքներով շուրջ 40 տնտեսվարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Նրանց մեծ մասն ընդունել է իրավախախտման փաստը՝ հիմնականում դա պայմանավորելով նոր կարգավորումների մասին իրազեկման պակասով:
Հարուցված վարույթների արդյունքում հանձնաժողովը իրավախախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք է կիրառել:
Մարկոսյանը տեղեկացրեց, որ գալիք «Սև ուրբաթի» շրջանակում ևս մշտադիտարկումներ են իրականացվելու՝ հույս հայտնելով, որ տնտեսվարողները բարեխիղճ վարքագիծ կդրսևորեն` բացառելով օրենքի խախտումները:
Հիշեցնենք, որ ակցիային առնչվող կարգավորումների խախտումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի պարագայում տնտեսվարողը կարող է տուգանվել հասույթի մինչև 5 տոկոսի չափով:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաներին առնչվող կարևոր կարգավորումներից են՝
զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի.
ապրանքի կամ ծառայության գինը պետք է զեղչվի ակցիայի մեկնարկին նախորդող ամսվա միջին գնից.
ակցիա իրականացնողը պետք է ապահովի միջին և զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար.
պարտադիր պետք է նշել ակցիայի բնույթը, ապրանքների շրջանակը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն.
ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել,
Միջակայքով զեղչի դեպքում (մինչև 70 տոկոս, 30-50 տոկոս և այլն) առավելագույն շեմով զեղչը պետք է կիրառվի ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ:
Տնտեսվարողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ և այլն: