Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում հանդիպել են Իլհամ Ալիևը և Էբրահիմ Ռայիսին: Իրանի նախագահը աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, նշել` Թեհրանը պատրաստ է մասնակցելու Ղարաբաղի վերակառուցմանը և Ադրբեջանի զարգացմանը: Ռայիսին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները անքակտելի կապերի վրա են հիմնված: Նախագահները նշել են նաև, որ Արևմուտքի ցանկացած միջամտություն վնասում է տարածաշրջանի երկրներին:
«Մեր երկրների միջև ընդլայնվում է տրանսպորտի ոլորտում գործակցությունը: Արաքս գետով անցնող Աղբենդ երթուղին և մյուս նախագծերը համապատասխանում են մեր երկրների շահերին։ Սա երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը»,- ասել է Ռայիսին:
Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, թե իբր Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այն է՝ ճանապարհ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան:
«Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի հետ պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու հետ կապված հարցերի շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-հարավ միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբենդով»,- ասել է Ալիևը։
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ, սակայն միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի կարող քննարկվել: Հայկական կողմի հանձնառության կարևոր դրսևորումներից է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը օրեր առաջ ներկայացվեց Թբիլիսիում կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: