Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող շուրջ 82 համայնքների և բնակավայրերի բնակիչներին շարունակել ստանալու փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև օգտվել ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, հայտնում են ԱԺ-ից:
««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում:
Վերոնշյալ օրենքն ընդունվել է 2014 թվականին, օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Համաձայն գործող օրենքի` 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետն ավարտվում է: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը:
«Ակնհայտ է, որ սոցիալական աջակցության կարիք սահմանամերձ բնակավայրերը դեռևս ունեն»,- նշել է հիմնական զեկուցողը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: