ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյանի հիշատակը:
Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ գործող օրենքով ավագանու ակտերն ընդունվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: «Առաջարկում ենք, որ քաղաքապետի իրավական ակտերը, ավագանու նորմատիվ անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում ներկայացվեն լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով: Միևնույն ժամկետում այն կտեղադրվի նաև քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: Այսինքն՝ Երևան քաղաքի գրեթե բոլոր իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում»,- ասել է Վաչե Տերտերյանը:
1996 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ-ում առաջին անգամ կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրվանից ի վեր նոյեմբերի 10-ը համարվում է տեղական ինքնակառավարման մարմինների օր: Այս կապակցությամբ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շնորհավորել է գործընկերներին, ՀՀ ՏԻՄ համակարգի բոլոր անդամներին, ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկրի, մեր պետության հիմնաքարերից մեկն է:
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: