Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:
Այնուհետև կողմերը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային հետաքրքիր կլինեն, մասնավորապես՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։
Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։