Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը՝ բացելու սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այս համատեքստում «3+3» ձևաչափով Իրանում կայացած վերջին հանդիպմանը:
Հարցին՝ Բրյուսելում կամ ԱՄՆ-ում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, Կոստանյանը պատասխանեց՝ այս պահին հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:
Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել՝ բանակցությունները փակուղում են, քանի որ առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունենում, Կոստանյանը արձագանքեց՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
«Ամեն դեպքում միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Գիտեք, որ երեկ Երևանում էր նաև ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք նաև մյուս միջնորդների հետ: Այնպես, որ սպասում ենք, որ տեղի ունենա նոր հանդիպում: Մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռ կդժվարանամ ասել»,- ասաց նա: