Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ 4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանն այսօր ներկա են գտնվել համայնքներին տեխնիկաների հատկացման միջոցառմանը։
Նախարար Սանոսյանը շնորհավորել է համայնքներին՝ մաղթելով, որ ստացված տեխնիկան ծառայի ի շահ համայնքի և բնակիչների։
«Կառավարությունը տարբեր միջոցներով աջակցում է համայնքներին՝ խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սա տեխնիկայի առաջին խմբաքանակը չէ։ Այս տարիներին համայնքներին մատակարարվել է հարյուրավոր տեխնիկա` գյուղատնտեսական աշխատանքների համար, աղբատար մեքենաներ։ Սա կառավարություն-համայնք լավ համագործակցության օրինակ է, և մենք փորձում ենք տարբեր ուղղություններով խորացնել այդ համագործակցությունը։ Այս ծրագիրը բավական լավն է, այն համայնքների կյանք էական փոփոխություն է բերում։ Վերջնարդյունքում մեր համայնքները կլինեն ավելի լավ սպասարկված՝ սկսած աղբահանությունից մինչև ձմեռային սպասարկում և գյուղատնտեսական աշխատանքներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ծրագիրը դեռ չի ավարտվել և փուլ-փուլ կշարունակվի համայնքներին տեխնիկաների տրամադրման գործընթացը։
Ծրագրի հիմնական ֆինանսավորմամբ 2018-2022 թթ․ընդհանուր առմամբ համայնքներին է հատկացվել 240 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1880 հատ պլաստմասե և մետաղական աղբաման։
Տեղադրվել է 1475 կՎտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայան։ Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2023 թ-ին 35 խոշորացված համայնքներում ներդրումը կազմում է 7,2 մլրդ դրամ։
Լրացուցիչ ֆինանսավորմամբ համայնքներին հատկացվել է 68 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1800 հատ պլաստմասե աղբաման, 205 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Ընդհանուր առմամբ, համայնքներին հատկացվել է 308 հատ կոմունալ և գյուղտեխնիկա, 3680 հատ պլաստմասե և մետաղական աղբաման, 1680 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայան։