Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի` «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն» զեկույցի պաշտոնական մեկնարկի շրջանակներում սոցիալական և առողջապահական ոլորտներում ծախսերի արդյունավետության բարելավման թեմայով պանելային քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան առողջապահության ֆինանսավորման մասնատված լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ շատ հարցերի լուծումը կլինի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը, որի դեպքում նախատեսվում է մեկ միասնական ծառայությունների փաթեթ բնակչության բոլոր խմբերի համար, որը կարող է տարբերվել միայն ապահովագրվածի, սեռով և տարիքով պայմանավորված։
«Ունենալով մեկ ապահովագրական հիմնադրամ և 90 % ավել բնակչության ներառում` հնարավոր կլինի նաև ապահովել առողջական ռիսկերի համախմբում և վերաբաշխում, ինչը հնարավորություն կտա ունենալ փաթեթի ավելի ցածր գին մեկ ապահովագրվածի հաշվով»,-ասել է նախարարը:
Նշվել է, որ հիվանդանոցային բուժօգնությանը միտված ծառայությունների մատուցումը ավելացնում է առողջապահական ծախսերը և արգելակում կանխարգելիչ բուժօգնության զարգացումը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով` ապահովագրական փաթեթում մեծ տեսակարար կշիռ կունենա առողջության առաջնային պահպանման բաղադրիչը, որի մեջ առանձնանում է կանխարգելիչ ծառայությունների հատվածը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողությունը։