ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը.
«Գլխավոր համաժողովի տիկին նախագահ,
Գործադիր խորհրդի տիկին նախագահ,
Տիկին գլխավոր տնօրեն,
Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան պատվիրակներ,
Նախ ցանկանում եմ շնորհավորել Ն.Գ. Սիմոնա Միրելա Միկուլեսկուին Գլխավոր համաժողովի 42–րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթում ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության մեջ: Ես նաև ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ն.Գ. Իրազաբալ Մոուրաոյին Գլխավոր համաժողովի 41–րդ նստաշրջանի ընթացքում որպես նախագահ իր կատարած գերազանց աշխատանքի համար:
Տիկին նախագահ,
Շարունակական մարտահրավերները, որոնց աշխարհը բախվում է այսօր՝ սկսած ռազմական հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխության հետևանքներ, ընդգծում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում համատեղ ջանքերը կրկնապատկելու հրամայականը:
Հետևաբար, մենք աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ապագա ռազմավարական կոմնորոշիչներին և ծրագրային առաջնահերթություններին, մասնավորապես բոլորի համար կրթության իրավունքի, մշակութային իրավունքների, խոսքի ազատության, ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտներում:
Որպես Գործադիր խորհրդի անդամ՝ Հայաստանը կշարունակի աջակցել Աֆրիկայի գլոբալ առաջնահերթությունների և գենդերային հավասարության, ինչպես նաև առաջնահերթ խմբերի՝ Երիտասարդության և Փոքր կղզի զարգացող պետությունների ծրագրերի իրագործմանը:
Որպես Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամական խմբի համանախագահ մենք շարունակելու ենք աջակցել Գործառնական ռազմավարության իրականացմանը՝ պետությունների այս խմբի համակարգային խոցելիության հարցերը հասցեագրելու նպատակով:
Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, հատկապես հակամարտություններից և բնական աղետներից տուժած շրջաններում և դատապարտում է ցանկացած հարձակում մշակութային խորհրդանիշների վրա՝ պայմանավորված դրանց տարբեր ծագումնաբանությամբ և ինքնությամբ:
Այս համատեքստում Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակել աջակցել Իրաքյան վավերագրական ժառանգության վերականգնմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» առաջատար նախաձեռնության շրջանակներում:
2024 թվականին լրանում է Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը, և այս շրջադարձային իրադարձությունը հնարավորություն է ստեղծում վերահաստատել միջազգային հանրության՝ ռազմական հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հանձնառությունը: Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ այս կարևոր հոբելյանի շրջանակներում:
Տիկին նախագահ,
Աշխարհի տարբեր անկյուններում փխրուն խաղաղությունը պահպանելու մեր ընդհանուր պայքարի պայմաններում, որին զուգահեռ խթանելով միասին ապրելու արժեքները, խորը մտահոգությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեր տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների բացակայությունը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:
Հայաստանը ներկայում առերեսվում է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 փախստականների, այդ թվում՝ 30 հազար երեխաների զանգվածային հոսքի, որոնք ընդամենը մի քանի օրում լքել են իրենց նախնյաց հայրենիքը՝ հետապնդումների և ոճրագործությունների վախի ներքո։ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ փախստականների կյանքը փրկելու, պաշտպանության և շուտափույթ վերականգնման կարիքները հոգալու համար։ Այս կապակցությամբ ցանկանում եմ Հայաստանի երախտագիտությունը հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նրա գլխավոր տնօրենին՝ փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ առաքելություն Հայաստան արագ գործուղելու համար:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը, ապա դրա պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է։ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների վերաբերյալ ընդունված իրավաբանորեն պարտադիր որոշումը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, շիրիմների և արտեֆակտների դեմ»։
Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում, ինչը չհաջողվեց Նախիջևանում 1997-2006 թվականների ընթացքում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման դեպքում:
Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի անվերապահ աջակցությունը խաղաղության և հանդուրժողականության մշակույթը տարածելուն ուղղված Կազմակերպության ջանքերին՝ խարսխված մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վրա:
Շնորհակալություն»: