Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Ռազմավարությամբ նախատեսվում է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը, մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը, աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը: Ըստ այդմ՝ սահմանվում է մշակույթի ոլորտների զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ժամանակացույցի համաձայն։ Մասնավորապես նախատեսվում են՝ ավելացնել ամրակայված, նորոգված և վերականգնված վտանգված պատմության և մշակույթի հուշարձանների թիվը, համալրել ՀՀ թանգարանային առարկաների շտեմարանը, ներդնել թանգարանների և գրադարանների կառավարման նոր ձևաչափ, խթանել ստեղծարար ոլորտները, ապահովել բարենպաստ միջավայր և մրցակցային դաշտ ստեղծագործական ինքնարտահայտման համար, նպաստել միջազգային մշակութային գործընթացներին երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանը, մշակույթի և ստեղծարար ոլորտներում ձևավորել պետական խրախուսման մեխանիզմներ և այլն: