ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի 70 երկրից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD), Եվրոպական հանձնաժողովը և այլն:
Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ ոլորտի միջազգային լավագույն փորձի փոխանակման և անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության զարգացման հնարավորություններ ստեղծելով:
Գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար հավակնորդ մարմինը պետք է ստանա կազմակերպության նվազագույնը 5 անդամների աջակցությունը, միաժամանակ որևէ անդամի կողմից առարկություն չպետք է ներկայացվի:
ՄՊՀ-ն աջակցություն է ստացել թվով ութ անդամներից և ձեռք բերել գործընկերոջ կարգավիճակ՝ հնարավորություն ստանալով երկու տարի անց անդամակցել կազմակերպությանը: Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Զամբիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Կորեան, Հունգարիան, Սինգապուրը:
«Շնորհակալություն ենք հայտնում մեզ առաջադրած բոլոր երկրներին և ICPEN-ի նախագահող Լեհաստանին ցուցաբերած աջակցության համար՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: