Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում իրավիճակը շատ մտահոգիչ է մեզ համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե բուհի ուսանողները բողոքի ձայն էին բարձրացնել և պահանջում էին նախարարի հետ հանդիպում, մինչդեռ նրանց հետո հանդիպեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ըստ նախարարի՝ Կարեն Գիլոյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, և առավելապես այդ կագավիճակում է ընդունել ուսանողներին:
«Իմ տեղեկություններով՝ նաև առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, և քննարկվելու է ստեղծված իրավիճակը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խնդիրն ամբողջությամբ Հոգաբարձուների խորհրդի իրավասության շրջանակում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» (ՀՖԿՍՊԻ) հիմնադրամի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք ԿԳՄՍՆ-ում նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էին, որ ռեկտորին փոխարինող Լուսինե Ստեփանյանը հոկտեմբերի 24-ին ՈՒԽ-ի նախագահին էլեկտրոնային փոստով հանձնարարական էր տվել՝ պահանջելով ներկայացնել ՈՒԽ-ի բոլոր անդամների տվյալները և խորհրդի նիստերի արձանագրությունները, մինչդեռ ՈՒԽ-ն ՀՖԿՍՊԻ-ի կառուցվածքային ստորաբաժանում չէ և ենթակա չէ բուհի որևէ ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի։