Անտառներում և ազգային պարկերում ութժամյա պահպանություն է իրականացվում, Կառավարությունը խնդիր է դրել 24-ժամյա հսկողության անցնելու: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախագծով առաջարկվում է Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի ծառայության՝ փոփոխություն կատարելով պետական կառավարման համակարգի մարմինների օրենքում:
«Առաջարկում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը:
Արդեն սահմանում ենք 24-ժամյա հսկողություն, ծառայողին իրավունք ենք տալիս իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և, նաև վարչական իրավախախտումների շրջանակում է, տուգանք նշանակել, նաև իրավախախտման դեպքում, եթե իրավախախտողը չի ենթարկվում ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել:
Գործնականում մենք առաջարկում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 հաստիքը առանձնացնել և Ազգային պարկերի ՊՈԱԿ-ների 345 հաստիքներն առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել: Ծառայությունը, իհարկե, հագեցված կլինի ժամանակակից գործիքներով, կվերազինվի, և ծառայողները համապատասխան հանդերձանքներ կունենան:
Նաև նախատեսել ենք, որ վերազինման համար մեր միջազգային դրամաշնորհներից գումարներ կներգրավենք: Նպատակ ունենք 2024-ի հունվարի 1-ից սկսել գործընթացը և, մարզային մեր կառույցներով, 6 բաժանմունք ստեղծելով, 2024 թվականին ավարտել ծառայության հիմնումը»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ նաև նկարահանող սարքեր են տեղադրվելու:
Խոսքը նոր ծառայության ձևավորման մասին է, նոր պետական մարմին ստեղծելու մասին չէ, նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք, ըստ էության, Անտառային կոմիտեն ենք վերակազմակերպում և օրենքի ուժով ստեղծում ենք Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն»,- ասաց վարչապետը, ապա պարզաբանեց, թե ինչում է ծագել խնդիրը՝ ստեղծելու նման ծառայություն:
Ըստ Փաշինյանի՝ օրինակ, լինում են ծառահատման դեպքեր, երբ անտառապահը երեկոյան ժամը 9-ին է արձանագրում, բայց պարզվում է՝ արձանագրումն աշխատանքային ժամից դուրս է արվել, և անտառապահը նման արձանագրություն անելու իրավունք չունի:
«Դեպքեր ունենք, երբ նույնիսկ դատական կարգերով համապատասխան ակտերն անվավեր են ճանաչվել կամ չեղարկվել են»,- ասաց վարչապետը:
Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ անտառների կառավարման և պահպանման գործառույթները միախառնված են, ինչը ևս խնդիրներ է ստեղծում:
Հարցի քննարկման ժամանակ նաև զեկուցվեց, որ անտառային քարտեզների ճշգրտման կարիք կա: