Անկախ այն հանգամանքից, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԼՂ-ում կենսաթոշակ ստացել են թե չէ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին որոշվել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, որի արդյունքում սահմանվել էր, որ նրանք ունեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պայմաններին:
Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:
«Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հարթակի գործարկումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ճշտեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում քանի՞ թոշակառու կա, ապա նաև հետաքրքրվեց՝ նրանց թոշակի վճարման գործընթացն ընդհատվելո՞ւ է:
Կենսաթոշակառուների թիվը, ըստ նախարարի, շուրջ 15 հազար է, իսկ ինչ վերաբերում է թոշակների վճարման գործընթացին, ապա քանի որ նրանք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել են հոկտեմբերի 26-ին, ապա գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից:
Վարչապետն ընդգծեց՝ խորհրդարանական գործընկերներին պետք է խնդրել, որպեսզի հնարավորինս շուտ ԱԺ-ում քննարկումը կազմակերպվի, որի շրջանակում մանրամասն կներկայացվի թոշակներ ստանալու գործընթացը: